Զելենսկի-Պուտին հանդիպում կլինի՞

Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների այս պահին հայտնի գլխավոր արդյունքը, թերևս, Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպումն է:

Վլադիմիր Զելենսկիի, Եվրահանձանաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և եվրոպական 5 այլ երկրների առաջնորդների հետ Սպիտակ Տանը կայացած բանակցություններից հետո՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվա է զանգահարել և ինչպես գրել է իրեն պատկանող Truth հարթակում՝ սկսել զբաղվել Պուտին-Զելենսկի հանդիպման կազմակերպման հարցերով. «Այդ հանդիպումից հետո եռակողմ հանդիպում կլինի, որին կմասնակցեմ նաև ես: Արդեն շուրջ 4 տարի շարունակվող պատերազմի համար սա շատ լավ առաջին քայլ է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Կրեմլը մինչ այս պահը հնարավոր հանդիպման վերաբերյալ ոչինչ չի հայտնել: Պուտինի օգնական Յուրի Ուշակովը միայն հայտնել է՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահները կողմ են արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակությանը ու հավելել՝ քննարկել են ռուսական ու ուկրաինական կողմերի ներկայացուցիչների մակարդակը բարձրացնելու հնարավարությունը:

Կիևը պատրաստ է բանակցել ցանկացած ձևաչափով, սակայն, միայն առաջնորդների մասնակցությամբ.- Վաշինգտոնյան բանակցություններից հետո հայտարարեց Վլադիմիր Զելենսկին. «Որևէ ժամկետ չկա, մենք վերահաստատել ենք, որ պատրաստ ենք հանդիպել: Ես ասացի՝ Ուկրաինան երբեք չի կանգնի խաղաղության հասնելու ճանապարհին, մենք պատարստ ենք ցանկացած ձևաչափի, սակայն, առաջնորդների մակարդակով»:

Մինչ պաշտոնական Մոսկվան լռություն է պահպանում, Արևմուտքում հնարավոր հանդիպման վայրն են քննարկում: Այն չեզոք երկրում կանցկացվի, հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Փարիզը Շվեյցարիայի տարբերակն է առաջարկում, Ռոյթերզն էլ հղում անելով Սպիտակ տան իր անանուն աղբյուրին գրում է՝ հանդիպումը գուցե Հունգարիայում կայանա:

Վաշինգտոնյան բանակցությունների առանցքային թեման Ուկրաինային անհրաժեշտ անվանգության երաշխիքների հարցն էր: Վերջին օրերի հիմնական զարգացումը Միացյալ Նահանգների հայտարարությունն է՝ պատրաստ են մասնակցել այդ երաշխիքների տրամադրմանը: Թե ինչ տեսք կունենան դրանք, ինչպիսի մեխանիզմներ կգործեն դեռ հայտնի չէ: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ավելի վաղ հայտարարել էր՝ Ռուսաստանը համաձայնել է թույլատրել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի նման երաշխիքներ տրամադրել: Հենց այս հոդվածն է սահմանում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր պետությունների վրա:

«Մենք արդեն աշխատում ենք երաշխիքների բուն բովանդակության վրա», - X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ առաջնորդների մակարդակով բանակցությունները շարունակվում են: Միացյալ Թագավարության պաշտպանության շտաբի պետն էլ այսօր Վաշինգտոն է մեկնում՝ քննարկելու անվտանգության երաշխիքների հարցը:

Եվրոպացի առաջնորդների հետ բազամակողմ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը Վլադիմիր Զելենսկիին ընդունեց: Ամիսներ առաջ նույն վայրում նրանց հանդիպումը աղմկահարույց ընթացք ունեցավ, այս անգամ, ըստ ըստ փորձագետների, այն շատ ավելի դրական էր, նախագահներն անգամ կատակներ արեցին: Լրագրողներն առաջնորդներից նաև անվանգության երաշխիքների մասին էին ուզում մանրամասներ իմանալ:

Եվրոպացի առաջնորդները պատերազմն ավարտելու հնարավոր գործարքի վերաբերյալ ավելի զգույշ են արտահայտվում ու հրադադարի անհրաժեշտության մասին հայտարարում: Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընդգծեց՝ չի պատկերացնում հաջորդ նման հանդիպման անցկացումն առանց հրադադարի. «Եկեք աշխատենք այդ ուղղությամբ, եկեք փորձենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որովհետև մեր այսօր գործադրած ջանքերի հաջողությունը կախված է առնվազն հրադադարից», - ասել է Գերմանիայի կանցլերը: