Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է ապահովի Ռուսաստանի անվտանգությունը։
«Առանց Ռուսաստանի անվտանգության շահերը հարգելու, առանց Ուկրաինայում ապրող ռուսների և ռուսախոս մարդկանց իրավունքների լիակատար հարգանքի, երկարաժամկետ համաձայնագրերի մասին խոսք լինել չի կարող», - ասել է Լավրովը՝ երեկ Ուկրաինայի ու եվրոպացի առաջնորդների հետ ԱՄն նախագահի հանդիպումից հետո։
Երեկ Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի հանդիպմանը ԱՄՆ նախագահը խոսելով կարգավորման, և առաջին հերթին՝ Ուկրաինային տրվելիք անվտանգության երաշխիքների մասին, հայտարարել է՝ եվրոպական երկրները «պաշտպանության առաջին գիծն» են, սակայն Միացյալ Նահանգները «նույնպես օգնելու է նրանց»։
Հարցին, թե որքան լրացուցիչ օգնություն է պատրաստ Վաշինգտոնը տրամադրել Կիևին, Թրամփը պատասխանել է՝ «Մենք այս պահին Ուկրաինային ոչինչ չենք տալիս, մենք զենք ենք վաճառում»։