Մատչելիության հղումներ

Զելենսկիի հետ բանակցություններից առաջ Թրամփը մի շարք նախապայմաններ է թվարկել


Արխիվ
Արխիվ

Երևանի ժամանակով այսօր ուշ երեկոյան Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Բանակցություններին կմասնակցեն նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և եվրոպացի այլ առաջնորդներ:

Բանակցություններից մի քանի ժամ առաջ Դոնալդ Թրամփն իրեն պատկանող Truth հարթակում մի շարք նախապայմաններ է թվարկել ու սլաքներն Ուկրաինայի նախագահի կողմը թեքել:

«Ուկրաինայի նախագահ Զելենսկին եթե ցանկանա, կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ կամ կարող է շարունակել պատերազմը։ Հիշեք՝ սա ինչպես սկսվեց: Օբամայի տված Ղրիմը չի վերադարձվի, Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի, որոշ բաներ երբեք չեն փոխվում», - գրել է նա:

Վաշինգտոնում սպասվող բանակցությունները հաջորդում են անցած շաբաթավերջին Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպմանը, որի ավարտին կողմերն առանց փակագծեր բացելու հայտարարեցին համաձայնեցված դրույթների մասին:

Որոշ մանրամասներ նախօրեին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն է ներկայացրել: CNN-ին տված հարցազրույցում նա հայտարարել է՝ Ռուսաստանի նախագահը համաձայնել է թույլ տալ Ուկրաինային անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրել՝ նման ՆԱՏՕ-ի մեխանիզմին.
«Մենք համաձայնության ենք հասել, որ Միացյալ Նահանգները և մյուս եվրոպական երկրները կարող են արդյունավետորեն 5-րդ հոդվածի նման ձևակերպում առաջարկել՝ անվտանգության երաշխիքն ապահովելու համար»:

ՆԱՏՕ-ի հենց այս՝ 5-րդ հոդվածն է սահմանում՝ անդամ երկրի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա: Միացյալ Նահանգներն այսպիսով Ուկրաինայի համար այլընտրանքային տարբերակ է առաջարկում՝ ՆԱՏՕ չմտնել, սակայն դաշինքի մեխանիզմի նման անվտանգության երաշխիքներ ունենալ:

«Մենք կարողացանք հասնել զիջման, որի համաձայն Միացյալ Նահանգները կկարողանա 5-րդ հոդվածի տիպի պաշտպանություն առաջարկել: Սա այն իրական պատճառներից է, թե Ուկրաինան ինչու է ուզում ՆԱՏՕ-ում լինել: Մենք կարողացանք շրջանցել սա»:

Ինքը՝ Զելենսկին X-ի իր էջում ԱՄՆ-ի առաջարկը պատմական է որակել. «Միացյալ Նահանգների պատրաստակամությունը մասնակցելու Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ապահովմանը պատմական որոշում է: Մեր համատեղ աշխատանքի արդյունքում անվտանգային երաշխիքները պետք է շատ գործնական լինեն՝ տրամադրելով պաշտպանություն ցամաքում, օդում և ծովում: Դրանք պետք է մշակվեն Եվրոպայի մասնակցությամբ»:

Ուկրաինայի նախագահն արդեն Վաշինգտոնում է. լրատվամիջոցները գրում են՝ բանակցությունների ընթացքում կողմերը հավանաբար տարածքային հարցերին կանդրադառնան:

Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են արդեն 3.5 տարի: Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանն այս պահին վերահսկում է 114 հազար 500 քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք՝ ներառյալ Ղրիմը կամ Ուկրաինայի ընդհանուր տարածքի 19 տոկոսը:

Բանակցություններից ժամեր առաջ BBC-ն, հղում անելով իր աղբյուրին, գրում է՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդունում է «Տարածք խաղաղության դիմաց սկզբունքը»:

Նախօրեին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Զելենսկիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ Ուկրաինան պետք է որոշի. «Մեր դիրքորոշումը հստակ է՝ միջազգային սահմաններն ուժով փոխվել չեն կարող, սրանք որոշումներ են, որոնք միայն Ուկրաինան պետք է կայացնի»:

Սպասվող բանակցություններին ընդառաջ Ռուսաստանն այս գիշեր շարունակել է հարվածները: Խարկովում բնակելի թաղամաս է թիրախավորվել, հաղորդվում է 7 զոհի մասին, նրանցից երկուսը՝ երեխաներ, առվազն 20 վիրավոր կա:

XS
SM
MD
LG