Մատչելիության հղումներ

Թրամփն ու Պուտինը հանդիպեցին Ալյասկայում

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում բանակցությունները շարունակվեցին շուրջ երեք ժամ

Նախագահները հայտարարեցին՝ որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության, որոշ հարցեր դեռ պետք է համաձայնեցվեն

Պուտինը հույս հայտնեց, որ Կիևում ու ԵՄ մայրաքաղաքներում «չեն տորպեդահարի այսօր ձեռք բերված համաձայնությունները»

Թրամփը պատրաստվում է հանդիպման արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահին ու եվրոպացի դաշնակիցներին

Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը Ուկրաինային հարվածում է նույնիսկ Ալյասկայի բանակցություններից առաջ։


Ալյասկայի Անքորիջ քաղաքում մոտ մեկ ժամից կմեկնարկի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ դադարեցնելու Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող պատերազմը: Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում նախատեսված պատմական հանդիպումը սկսվելու է նրանց դեմ առ դեմ բանակցություններով, ապա կշարունակվի ընդլայնված կազմով, որին կհետևի մամուլի ասուլիս:

Սա երկու գերտերությունների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Թրամփի երկրորդ ընտրությունից հետո:



Սպիտակ տան ղեկավարը նախքան հանդիպումը սոցցանցում գրել է, որ «խաղադրույքները բարձր են»։

Արդեն ինքնաթիռում ճեպազրույցի ժամանակ ասել է`Ուկրաինային թույլ կտա, որ իրենք որոշեն՝ տարածքային փոխանակում անե՞լ Ռուսաստանի հետ, թե՞ ոչ: Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ տա Ուկրաինային, սակայն միայն Եվրոպայի հետ միասին և ոչ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միջոցով:

Թրամփը ողջունել է, որ ռուսական պատվիրակությունում բիզնես ոլորտի ներկայացուցիչներ կան, սակայն վստահեցրել է՝ Ռուսաստանի հետ ոչ մի բիզնես չի լինի, քանի դեռ չի դադարեցվել պատերազմը:

ԱՄՆ նախագահը ինքնաթիռում երկրորդ անգամ է շփվել լրագրողների հետ՝ հայտարարելով, թե ցանկանում է, որ արագ հրադադար հաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Դոնալդ Թրամփը նշել է, որ դժգոհ կլինի, եթե այսօր Վլադիմիր Պուտինը չհամաձայնի հրադադարին։ «Չգիտեմ՝ այսօր կլինի՞, թե՞ ոչ, բայց եթե այսօր չլինի, ուրախ չեմ լինի»,- ասում է նա։

«Սա Եվրոպայի հետ կապ չունի,- հավելել է նա,- Եվրոպան ինձ չի ասում, թե ինչ անեմ, բայց նրանք ակնհայտորեն մասնակցելու են գործընթացին, ինչպես նաև Զելենսկին»։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հիմա գումար չի ծախսում Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա, հակառակը, դեռ մի բան էլ գումար է աշխատում՝ ՆԱՏՕ-ից «մեծ, գեղեցիկ չեկեր» ստանալով զենք մատակարարելու համար։ «Բայց դա ինձ չի հետաքրքրում։ Ես այստեղ եմ, որպեսզի դադարեցնեմ սպանությունները», - ասել է նա։




Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային հարվածում է նույնիսկ Ալյասյակում սպասվող բանակցություններից առաջ։ Ըստ նրա՝ հարվածները շարունակվում են, քանի որ ոչ միայն դրանք դադարեցնելու հրաման չկա, այլև չկա որևէ նշան, որ Ռուսաստանը պատրաստվում է է խաղաղության։

«Նրանք սպանում են նաև բանակցությունների օրը։ Եվ սա շատ բան է ասում», - սոցցանցում գրել է նա՝ հավելելով, որ ռուսական զինուժը հարվածել է Սումիին, Դնեպրոպետրովսկին, Զապորոժիեին, Խերսոնին և այլ բնակավայրերի։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ երեկ ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ քննարկել են պատերազմը դադարեցնելու հարցը, բոլորը համաձայնել են՝ պատերազմը պետք է արդար ավարտ ունենա։

«Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արդյունավետ աշխատել պատերազմն ավարտելու համար։ Մենք հույս ունենք, որ Ամերիկան ուժեղ դիրքորոշում կունենա։ Ամեն ինչ կախված կլինի դրանից՝ ռուսները հաշվի են նստում ամերիկյան ուժի հետ։ Հենց ուժի հետ»,- գրել է Զելենսկին։

Ալյասկան հիմա տարածքով ամենամեծ նահանգն է ԱՄՆ-ում՝ հարուստ նավթով, ոսկով և շատ ուրիշ հանածոներով:

Այդ դեպքում ինչո՞ւ են ռուսներն այն վաճառել իրենց ռազմավարական մրցակցին: Նախ՝ ռուսներն ու ամերկացիները միշտ չէ, որ մրցակիցներ են եղել... 1730-ականներից հեռավոր այս տարածքը սկսեց ձգել արևմուտքցիներին, 40-ականներին Բերինգն ու Չիրիկովը եկան այն ուսումնասիրելու, ռուսները պարզեցին, թե ինչքան շատ հարստություն կա այստեղ, և խոսքը բնավ նավթի մասին չէ, այլ մորթու:

«Ազատության» հաղորդումն այս թեմայով՝ ստորև.

Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում վայրէջք է կատարել «Ռոսիա» հատուկ նշանակության թռիչքային ջոկատի «Տու-214» ինքնաթիռը, տեղեկացնում է BBC Russian-ը։

Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել Մագադանից, սակայն հայտնի չէ, թե ովքեր են ինքնաթիռում։

Ավելի վաղը հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախքան Ալյասկա գալը մեկնել է Մագադան։ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով մոտ ժամը 11:00-ին (19:00 GMT, Երևանի ժամանակով 23:00 )։

ԱՄՆ նախագահի ինքնաթիռը՝ Air Force One-ը, վայրէջք է կատարել Անքորիջում։

Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահի հետ կհանդիպի Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազայում տեղական ժամանակով ժամը 11:30-ին:

Ուկրաինական սահմանային Կրամատորսկի բնակիչները՝ Թրամփ-Պուտին հանդիպման մասին

Պուտինը և Թրամփը կքննարկեն նաև գլոբալ ռազմավարական անվտանգությունը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները, բացի ուկրաինական հակամարտությունից, անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային, հայտնել է ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության աղբյուրը։

«Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, այն կշոշափվի», - նշել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով հարցին, թե այլ ի՞նչ հարցեր կան այսօրվա հանդիպման օրակարգում։

Մինչ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները դեմ առ դեմ հանդիպում են առաջին անգամ վեց տարվա ընթացքում, ահա թե ինչ է պետք իմանալ:


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG