Կալանավորված գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան բողոք է ներկայացրել՝ մեկ շաբաթ առաջ Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ, այն համարելով ապօրինի:
«Հակակոռուպցիոն դատարանը ակնհայտ, մեր դիտարկմամբ, ապօրինի կերպով թույլատրելի համարեց կալանքի երկարաձգումը ևս երկու ամսով, այսինքն՝ ամենաինտենսիվ խափանման միջոցի պահպանումը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանն ասում է՝ Կարապետյանին վերագրվող փողերի լվացման և տնտեսական մեղադրանքների մասով հիմնավոր կասկածը Հակակոռուպցիոն դատարանը չէր հաստատել, բայց փոխարենը որոշել է կալանքը երկարաձգել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով:
«Դա արձանագրեց, որ հիմնավոր կասկածը, այսինքն՝ նվազագույն ապացուցման շեմը առկա չէ: Միաժամանակ դատարանը զարմանալիորեն, որևէ ողջամտություն ես չեմ կարողանում գտնել դրանում, գտել էր, որ հիմնավոր կասկածը առկա է ենթադրյալ այդ կոչերի մեղադրանքով, որը, կրկին եմ ուզում նշեմ, տառացիորեն խոսքը ուղղված էր Մայր Աթոռը պաշտպանելուն՝ «մեր ձևով»: Խոսքը գնում է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մասին, միջին ծանրության ենթադրյալ հանցանքի, որի պայմաններում եթե մենք ուղղակի ուսումնասիրություն կատարենք, 95 տոկոս դեպքերում՝ միջին ծանրության մեղսագրվող արարքների դեպքերով, չի կիրառվում կալանքը որպես խափանման միջոց: Չէ՞ որ դրա համար է ի վերջո Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվել այլընտրանքային խափանման միջոցների լայն հնարավորությունը», - նշեց փաստաբանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց, փաստաբանը պնդում է՝ «իրավական ամենաթողություն է»Վարդևանյանը հիշեցնում է՝ թե՛ Սամվել Կարապետյանի ձերբակալումը, թե՛ նրա բնակարանի խուզարկությունը Վերաքննիչ դատարանի կողմից ճանաչվել են ապօրինի: Բայց Կարապետյանը շարունակում է կալանքի տակ մնալ:
Փաստաբանի խոսքով՝ ի թիվս այլ հիմնավորումների իրենց բողոքի հիմքում նաև հարցադրումն է, թե ինչու է Հակակոռուպցիոն դատարանը որոշել երկարաձգել կալանքը, երբ հարցազրույցը, որի հիման վրա մեղադրանք է առաջադրվել, արդեն ուսումնասիրված է, որևէ ազդեցություն Սամվել Կարապետյանը դրա վրա այլևս ունենալ չի կարող. - «Տեսանյութ, որը հրապարակված է, որը զննված է և գտնվում է քննիչի չհրկիզվող պահարանում, այդ թվում նաև՝ զննության արձանագրությամբ, այսինքն՝ դրա նկատմամբ որևէ միջամտություն, խոչընդոտում օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր չէ»:
Ի տարբերություն Սամվել Կարապետյանի գործի, Արամ Վարդևանյանն ասում է՝ օրինակ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կամ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործերը, որ ևս մեկ հարցազրույցի վրա են հիմնվում, շատ արագ անցել են նախաքննության փուլն ու արդեն դատարան են հասել: Մինչդեռ Սամվել Կարապետյանի դեպքում նախաքննությունը չի ավարտվել, Կարապետյանը կալանքի տակ է և ըստ դատարանի որոշման շարունակելու է մնալ անազատության պայմաններում:
«Ո՞նց է ստացվում, որ երկու այլ դեպքերով արդեն գործերը ուղարկվել են դատարան, 20-օրյա ժամկետում կարծես, որքանով որ «Դատալեքս»-ից հնարավոր է դա պարզել, նախաքննության ավարտ են կարողանում հայտարարել, բայց այս գործով չե՞ն կարողանում; Չի՞ ստացվում, որ պարզապես արհեստական, շինծու կերպով փորձում են դատարաններին մոլորեցնել, ներկայացնել հիմքեր, իբրև կալանքի անհրաժեշտություն է առկա, որ դեռևս վարութային գործողություններ կատարելու անհրաժեշտություն է առկա, այն պարագայում, երբ, իհարկե, դրա առարկան գոյություն չունի», - պնդեց Արամ Վարդևանյանը:
«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը կալանավորված է արդեն երկու ամիս: Նա վարչապետի և իրավապահների թիրախում հայտնվեց ի պաշտպանություն եկեղեցու հանդես գալուց հետո՝ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան եկեղեցականների սուր առճակատման ֆոնին: Հարցազրույցից հետո նրան մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, հետագայում մեղադրանքը լրացվեց փողերի լվացման, հարկերը չվճարելու և խարդախություն կազմակերպելու հոդվածներով:
Կարապետյանի կալանավորումը Վարդևանյանը համարում է քաղաքական հետապնդում. - «Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին իր խոսքով հանդես էր եկել ի պաշտպանություն Մայր Աթոռի, ի պաշտպանություն Վեհափառ հայրապետի, և դրա համար հետապնդվում է՝ մինչ օրս, 60 օրից ավելի լինելով կալանավորված: Իսկ այդ ամբողջ, երբ վերհիշում ենք, թե հունիսի 17-ին նաև գործադիր իշխանության ղեկավարի կողմից ինչպիսի հրապարակային արտահայտություններ և գրառումներ էին կատարվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում, կարծում եմ՝ աներկբա են դարձնում, այս ամբողջ շղթան, որը ներկայացրեցի, որ մենք գործ ունենք ուղիղ և անհերքելի քաղաքական հետապնդման հետ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալությունը«Սամվել Կարապետյանը կրկին հարցաքննվել է, հերքվել են ամենաաբսուրդային վարկածները, Բագրատ սրբազանի շարժման հետ կապ չկա». փաստաբանՍամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էՀայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց ժամեր անց, ԱԱԾ-ականները շրջապատեցին Սամվել Կարապետյանի առանձնատունըԱրամ Վարդևանյանն ասում է՝ իրենք բողոքարկել են նաև ավելի վաղ կայացված կալանքի առաջին որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանից դեռ լուր չկա:
Սամվել Կարապետյանի կալանավորումից կարճ ժամանակ անց նաև նրան պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելուն միտված գործընթաց սկսվեց: Հրատապ կարգով օրենք ընդունվեց, փոխվեցին ՀԷՑ-ի կառավարիչն ու ղեկավար կազմը: Կարապետյանները դիմեցին միջազգային արբիտրաժ՝ հայտարարելով, որ գործընթացն ապօրինի է, և Կառավարությունից որպես փոխհատուցում 500 միլիոն դոլար պահանջեցին: Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց հրատապ միջանկյալ որոշմամբ պահանջել էր Կառավարությունից ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, կառավարիչներին փոխելուց: Ու չնայած այս որոշմանը՝ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը կադրային լուրջ փոփոխություններ է իրականացրել: