Սերբիայում 2024 թվականի նոյեմբերին սկսված բողոքի ցույցերի ալիքը նոր փուլ է մտել․ օգոստոսի 12-ից ի վեր ցուցարարների և ոստիկանության միջև ամենօրյա բախումներ են, որոնք սկսվեցին երկրի հյուսիսում գտնվող Վրբաս և Բաչկա Պալանկա քաղաքներում տեղի ունեցած բռնություններից հետո:
Այս դեպքերը բողոքի ցույցեր են առաջացրել Սերբիայի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բելգրադում։ Ոստիկանության հասցեին բռնություն կիրառելու մեղադրանքներ են հնչել։
«Ոստիկաններից չորսը կամ հինգը ծեծել են ինձ, գլուխս բետոնե հատակին են խփել», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բալկանյան ծառայությանը պատմել է ուսանող Դուշան Ցվետկովիչը։ Նա ձերբակալվել է Բելգրադում օգոստոսի 14-ին՝ հակակառավարական ցույցի ժամանակ։
Սերբիայի ներքին գործերի նախարարությունը չի հերքել կամ մեկնաբանել Ցվետկովիչի կամ այլ ցուցարարների պնդումները, որոնք մեղադրում են ոստիկանությանը անհամաչափ ուժի կիրառման մեջ։
Լրացուցիչ վրդովմունք է առաջացրել բախումների երկրորդ օրը հայտնված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են Նովի Սադում ձերբակալված երիտասարդները ծնկի իջնում ոստիկանների առջև։
Տեսանյութն առաջին անգամ հրապարակվել է կառավարամետ լրատվամիջոցների կողմից: Ցվետկովիչը նաև պատմել է, որ իրեն նստեցրել են առանց տարբերանշանների մեքենայի մեջ, տարել են ինչ-որ ավտոտնակ և ծեծել՝ կապտուկներ թողնելով նրա դեմքին։
Այլ միջադեպերի ժամանակ իշխող Սերբական առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա։
Ո՞վ է կանգնած բողոքի ցույցերի հետևում
Ամեն օր սոցիալական ցանցերում շրջանառվում են բողոքի ցույցերի կոչեր: Մարդկանց հրավիրում են միանալ օնլայն խմբերի, որոնք ուսանողներն օգտագործել են բողոքի ցույցերը համակարգելու համար։ Դրանք հիմնականում խաղաղ բնույթ են կրել, սակայն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և այլ լրատվամիջոցների տեսանյութերում նաև երևում են դիմակավորված տղամարդիկ, որոնք քարեր և հրավառ նյութեր են նետում ոստիկանության ուղղությամբ։
Ցուցարարները ջարդել են ՍԱԿ-ի մի քանի գրասենյակներ, Բելգրադից 80 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք գտնվող Վալևո քաղաքում վնասել նաև Սերբական ռադիկալ կուսակցության շտաբը։ Սերբական ռադիկալ կուսակցության առաջնորդը դատապարտված պատերազմական հանցագործ, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի նախկին խորհրդատու Վոիսլավ Շեշելն է։
2024 թվականի նոյեմբերին բողոքի ցույցերը սկսվեցին Նովի Սադում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից հետո, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։
Ողբերգությունը ցնցեց հանրությանը՝ հատկապես այն հաղորդագրությունների ֆոնին, որ կոռուպցիայի պատճառով կառավարության կողմից չինական բիզնեսին վստահված կայարանի կառուցման ծրագիրն իրականացվել է թերություններով։
Հաջորդող օրերին Բելգրադի, Նովի Սադի, Նիշի և այլ համալսարանական քաղաքների տասնյակ ֆակուլտետներ շրջափակվեցին ուսանող ցուցարարների կողմից, որոնց աջակցում էր դասախոսների մեծ մասը։
Այս իրադարձություններն առաջացրեցին բողոքի ալիք, որի նմանը երկիրը չէր տեսել 2000 թվականից՝ Սլոբոդան Միլոշևիչի ռեժիմի տապալումից ի վեր։
Սկզբում պահանջները վերաբերում էին Նովի Սադի ողբերգության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն և ուսանողների վրա հարձակում իրականացրած անձանց պատժելուն։ Վեց ամիս անց ուսանողական կազմակերպությունները, որոնք նախկինում հիմնականում ապաքաղաքական էին, սկսեցին արտահերթ ընտրություններ պահանջել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերբիայում բողոքի ցույցեր են սկսվել 14 մարդու կյանք խլած վթարից հետոԻնչպե՞ս արձագանքեց Վուչիչը
Ուսանողների որոշ պահանջներ բավարարվեցին։ Կառավարությունը հրապարակեց Նովի Սադի կայարանի վերակառուցման հետ կապված հազարավոր փաստաթղթեր։ Սակայն քննադատները նշում են, որ արխիվը թերի էր, և դրա հրապարակումը հիմնական հարցերի շուրջ հստակություն չէր մտցնում։
Նրանք նաև նշում են, որ հազարավոր փաստաթղթեր տրամադրելով՝ Վուչիչը և նրա կառավարությունը փորձել են ստեղծել թափանցիկության տպավորություն, մինչդեռ իրականում դա միայն ավելի է խճճել նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հուլիսին ՍԱԿ-ը հեռացրեց չորս կուսակցական ակտիվիստների, ովքեր մեղադրվում էին հունվարին Բելգրադում խաղաղ բողոքի ցույցերի ընթացքում Թատերական ուսումնարանի ուսանողների վրա հարձակվելու համար։ Սակայն ինքը՝ նախագահ Վուչիչը, այդպես էլ չդատապարտեց իր կուսակցության կամ կառավարամետ լրատվամիջոցների սադրիչ հռետորաբանությունը, որոնցից որոշները, օրինակ, բողոքի ցույցերի մասնակիցներին համեմատում էին նացիստների կամ Երկրորդ համաշխարհային պատերազմի խորվաթ ֆաշիստների՝ ուստաշների հետ։
Ի՞նչ սպասել հաջորդիվ
Բողոքի ցույցերի և Սերբիայում տիրող ընդհանուր քաղաքական իրավիճակի հեռանկարը մնում է անորոշ։
Երկրի իշխող վերնախավի և ընդդիմախոսների միջև անդունդը երբեք այսքան մեծ չի եղել։ Հասարակական դժգոհությունը կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության նկատմամբ, որը բազմիցս ընդգծվել է Եվրամիության զեկույցներում, հասել է աննախադեպ մակարդակի։
2012 թվականին՝ իր կուսակցության իշխանության գալուց ի վեր առաջին անգամ, Վուչիչը բախվել է իրական հանրային դիմադրության։ Սակայն այս դիմադրությունը չունի հստակ քաղաքական արտահայտություն, որևէ ընդդիմադիր կուսակցություն այն չի առաջնորդում։
Բողոքների միակ միավորող ուժը ուսանողական շարժումն է՝ երիտասարդների սերունդ, որն արդեն կորցրել է ուսման մեկ տարին ցույցերի պատճառով։