Հայաստանն ու Ադրբեջանը տարածքներ ունեն միմյանց վերահսկողության ներքո, այս հարցը պետք է լուծվի սահմանազատմամբ. Փաշինյան

Խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական տարածքներից խոսելիս պետք է ասել նաև, որ Ադրբեջանի տարածքներից էլ Հայաստանի օկուպացիայի տակ են, այսօրվա ուղերձում հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն այդպես պատասխանեց իր քննադատներին, որ վաշինգտոնյան համաձայնություններով և հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված պայմանագրով չի լուծվում ադրբեջանական օկուպացիայի տակ գտնող ավելի 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների հարցը: Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

«Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում: Բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունը այն է, որ ասելիս, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում», - ասաց վարչապետը:

Փաշինյանն այսօրվա ուղերձում հակադարձեց բոլոր այն քննադատություններին ու մտահոգություններին, որոնք հնչել են քաղաքական ու փորձագիտական շրջանակների կողմից օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո: Բացի Բաքվի օկուպացրած տարածքների հարցից, իշխանության ընդդիմախոսները հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը ձախողված են համարում նաև այն պատճառով, որ Երևանը համաձայնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը հասցեագրելու: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ինքը դեռ ամիսներ առաջ է հայտարարել՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել, ժողովրդին էլ կոչ է արել՝ թե համաձայն չեն, թող հեղափոխություն անեն:

«Ժողովուրդը, այսինքն՝ դուք, սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձնման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցը իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք՝ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար», - պնդեց վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի հարցը իրատեսական չէ: Եվ առհասարակ, նրա կարծիքով, փախստականների վերադարձի օրակարգից խոսելը վտանգավոր է, որը կվնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը. - «Այդ թեմաները արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջև դառնալու են լարվածության նոր աղբյուր: Իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ, և արձանագրում եմ, որ այո, դա վտանգավոր և վնասական թեմա է նորընծա խաղաղության համար: Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ»:

Արցախցիներին վարչապետն առաջարկեց տնավորվել Հայաստանում որպես լիարժեք քաղաքացիներ:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարճ որակում տվեց՝ ուրացում:

«Ջայլամի պես գլուխը մտցրած մարդը միայն դրա մասին է ... Էդ դեպքում, էդ ֆոնին, ավելի ճիշտ՝ այսօր, երբ որ Բաքվում դատավարությունը և մեղադրանքը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, էդ խաղաղության պայմաններում է՞ դա, թե՞ խաղաղության էդ վերջին թիթեռն է, որ Ադրբեջանն իրականացնում է», - նշեց դաշնակցական պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը ուղերձում խոսեց նաև գերիների խնդրից, պատճառաբանեց, թե նրանց առնչվող դրույթ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում չկա, որովհետև Երևանը չի ցանկացել պայմանագրի ստորագրման և գերիների վերադարձի հարցերը կապել միմյանց հետ: Վստահեցրեց՝ այժմ էլ նրանց հարցով ակտիվ զբաղվում են:

«Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությունը վերջերս տեսաք, ականատես եղաք», - ասաց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը տարակուսած էր նաև վարչապետի մեկ այլ հայտարարությունից: Գեղամ Մանուկյանն անթույլատրելի համարեց այն, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով օկուպացված հայկական տարածքները համեմատեց ադրբեջանական տարածքների հետ: Մանուկյանը դժվարացավ ասել՝ այդ համեմատության նպատակը որն է՝ վարչապետը մարդկանց նախապատրաստում է ադրբեջանական տարածքները վերադարձնելո՞ւն, թե՞ հայկական տարածքներից ադրբեջանցիների դուրս չգալու հեռանկարին:

«Էսքան ժամանակ լսել ե՞ք, որ Ադրբեջանի նախագահը խոսի ինչ-որ իքս մեկ սանտիմետր քառակուսու, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, երբեք նման բան չեք լսի: Եվ խոսքը վերաբերում է, երբ որ հայ հասարակության մեջ քաղաքական շրջանակները խոսում են օկուպացված տարածքների մասին, ոչ թե ինչ-որ անորոշ իրավիճակներում, դեռ Խորհրդային Միության օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով ինչ-որ բաներ, այլ խոսքը վերաբերում է 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի Ադրբեջանի ռազմական օկուպացիայի մասին», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից և վաշինգտոնյան բանակցություններից ոգևորված վարչապետն այսօր խոսեց նաև ճանապարհների ապաշրջափակման շուրջ հնչող քննադատություններից: Կրկնեց՝ ինչ կարգավորումներ գործեն Բաքվի համար, նույն պայմաններն էլ կլինեն Հայաստանի համար: Հռչակագրում ձևակերպված է՝ Ադրբեջանը դեպի Նախիջևան անխոչընդոտ կապ է ստանում, Հայաստանը՝ փոխադարձ առավելություններով հաղորդակցություն: Բայց մինչ այդ փուլին հասնելը, պարզվեց, դեռ սահմանազատում պետք է իրականացվի:

«Սա նշանակում է, որ հաղորդակցության ուղիների վերականգնման, կառուցման հատվածներում նախ պետք է հստակեցվի, սահմանազատվի և սահմանագծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը, իսկ սահմանը արդեն ունի իր պարտադիր ատրիբուտները՝ սահմանապահ, մաքսակետ և այսպես շարունակ: Այլ բան, որ դեռևս «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ներկայացման ժամանակներում և մինչև այսօր էլ մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել, և այս հարցն է, որ առաջիկայում պետք է դետալացված քննարկման առարկա դառնա», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս հարցում վարչապետը որևէ մտահոգություն չունի, ասաց՝ հիմանական սկզբունքները համաձայնեցված են: Վստահեցրեց՝ ապաշրջափակման հետ կապված փարատված են նաև միջազգային գործընկերների մտահոգությունները:

Նիկոլ Փաշինյանն այսօր նաև մարդկանց տեղեկացրեց՝ Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից ամեն ինչ փոխվել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված:

Բաքվից այս օրերին մի հայտարարություն է հաճախ հնչում՝ Հայաստանը պետք է կատարի տնային աշխատանքը և փոխի Սահմանադրությունը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Թրամփի ուղու» վրա կգործի ՀՀ օրենսդրությունը, իսկ ԵԱՏՄ կարգավորումները ինտեգրված են օրենսդրության մեջ. ԽանդանյանԸնդդիմությունը քննադատում է վաշինգտոնյան համաձայնությունները, իշխանությունից հակադարձում ենԵրևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրըԻրանը սպառնում է, Մոսկվան դժգոհ է, Արևմուտքը ողջունում է. ինչպես է աշխարհն արձագանքում Վաշինգոտնի պայմանավորվածությանը ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ. ՓաշինյանՀայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը