Արդյոք Հայաստանը միջազգային հետախուզում հայտարարե՞լ է միլիարդավոր դրամների չարաշահումների ու վատնումների կենտրոնում հայտնված ԱՆԻՖ-ի քրեական գործով անցնող երեք մեղադրյալների նկատմամբ, թե՞ ոչ, օրերս մեղադրանքների վերաբերյալ հայտնած Գլխավոր դատախազությունից դեռ հրաժարվում են մանրամասնել։ «Ազատության» տեղեկություններով՝ մեղադրյալներից առնվազն երկուսը՝ Դավիթ Փափազյանը և Կարինե Անդրեասյանը, Հայաստանում չեն:
«Քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր և պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության՝ Fly Arna, [...] «Մասդար», [...] «Ապագա փրոջեքթ» ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները», - մայիսին հայտարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԱՆԻՖ-ի գործով առաջիկայում քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում». գլխավոր դատախազԴավիթ Փափազյանը, Բելլա Մանուկյանն ու Կարինե Անդրեասյանը, որոնք այս գործով անցնող միակ մեղադրյալներն են, անարձագանք են թողել «Ազատության» գրավոր հարցերը։ Հայտնի չէ՝ ովքեր են նրանց փաստաբանները, ու արդյոք ընդունում են մեղադրանքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՆԻՖ-ի գործով մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի ու դուստր ընկերության նախկին տնօրեններինԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը մեղադրվում է միանգամից երեք՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամի» նախկին տնօրեն Բելլա Մանուկյանը մեղադրվում է երկու՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Կարինե Անդրեասյանը, որը, ըստ լրագրողական հետաքննությունների, ԱՆԻՖ-ը ժամանակին ղեկավարած Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, մեղադրյալ է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։
2019-ին Կառավարության հիմնադրած ԱՆԻՖ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին 2023-ից հետևող հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանն իրավապահների քայլերն ուշացած է համարում։
Լրագրողը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ հիմնադրամում հնարավոր չարաշահումների վերաբերյալ լրագրողական բազմաթիվ հետաքննություններից, քրեական գործի հարուցումից ավելի քան մեկ տարի անց մեղադրանքներ ներկայացվեցին, երբ մեղադրյալներն էլ ենթադրաբար Հայաստանում չեն։
«Մի հատ մեծ հարց է ծագում՝ ինչո՞ւ էսքան ժամանակ էս ամեն ինչը ձգձգվեց, երբ որ շատ, շատ վաղուց՝ կարծեմ 24 թվականին, երբ որ Դավիթ Փափազյանը ազատվեց պաշտոնից, ինքը որոշ ժամանակ անց արդեն Հայաստանում չէր, փաստորեն մի տարի անց նոր ինքը ներգրավվում է որպես մեղադրյալ: Եվ ինչո՞վ պիտի ավարտվի՝ սա հարց է, որի պատասխանը պիտի տա դատախազությունը, եթե իհարկե կարող է տալ», - ընդգծեց Սարուխանյանը:
Պետությունից միլիարդավոր դրամներ ստացած ԱՆԻՖ-ը լուծարված է, իսկ նրա ներդրումներով հիմնադրված Fly Arna և «Ապագա փրոջեքթս» ընկերությունները սնանկացել են։ Մեկ այլ ծրագիր՝ արևային էլեկտրակայաններ կառուցելու «Մասդար» ծրագիրը ևս ԱՆԻՖ-ի միջոցներով էր իրականացվում, սակայն մինչ այժմ նույնիսկ դրա շինարարության փուլը չի մեկնարկել։
«Ես կարծում եմ, որ էնտեղ այլ մարդիկ պետք ա մեղադրվեն այլ բաների համար», - հայտարարել էր արտասահմանյան ներդրումներ ներգրավելու, արտահանման աճը խթանելու ու տարբեր բիզնես նախագծերում ներդրումներ անելու համար հիմնված ԱՆԻՖ-ը ղեկավարած Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյան: Նա արդյոք հարցաքննվել է, թե՝ ոչ, սա ևս իրավապահները չեն հստակեցնում: Ավինյանի խոսնակից էլ հնարավոր չեղավ պարզել, ինքը՝ քաղաքապետը դեռ ամռան սկզբին էլ խոստացել ասուլիսի ընթացքում պատասխանել հարցերին, ասուլիսը մինչ հիմա սակայն չի եղել:
«Հեսա ասուլիսին շատ հետաքրքիր բաներ կբացահայտվեն», - հայտարարել էր Ավինյանը:
Հետաքննող լրագրողը կարծում է՝ Դատախազությունը քաղաքապետի հնարավոր ներգրավվածությունն էլ պետք է քննի գործում. - «ԱՆԻՖ-ի գլխավոր ղեկավար անձը եղել է ինքը: Շատ հաճախ, գիտեք չէ՞, Հայաստանում ինչը ոնց է կատարվում, այսինքն՝ էն հայտնի ԽԾԲ-ն՝ խնամի, ծանոթ, բարեկամ, ընկերական շրջապատ, ես մեծ կասկածներ ունեմ, և տրամաբանական կասկածներ, նաև էդ մասին մամուլի հրապարակումներ են եղել, որ եթե Տիգրան Ավինյանի դասընկերն է ստանում մի քանի հարյուր միլիոնի ներդրում, նրա ընկերությունը՝ «Բերրիմաունթ» ընկերությունը, որի մասին «Ազատություն»-ը գրել էր ևս, էստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք Տիգրան Ավինյանի, կոպիտ ասած, մատը խառը չէ»:
«Ազատություն»-ը ու «Հետք»-ն էին պարզել, որ անցած տարի լուծարված ԱՆԻՖ-ը հենց Ավինյանի պաշտոնավարման ընթացքում ներդրումներ է հատկացրել համադասարանցուն ու կնոջ ընկերուհուն պատկանող ընկերություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը«Արդյո՞ք Ավինյանի դերը էստեղ բացառվում է: Էս հարցերը, համոզված եմ, որ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է, բայց այ թե ինչու մենք չենք տեսնում Ավինյանի անունը արդեն հրապարակային, որ որևէ ձև հրապարակայնորեն հերքվի կամ հաստատվի, կարծում եմ՝ էս ամեն ինչի հետևում քաղաքական որոշումն է, այսինքն՝ չկա քաղաքական որոշում, չկա, ըստ այդմ, իրավական գործընթաց: Կարծում եմ, որ Դավիթ Փափազյանի վերաբերյալ նույնպես քաղաքական որոշման խնդիր կար», - ընդգծեց Վահե Սարուխանյանը:
Փափազյանը, որը գարնանից նախագահում է Գազայի հումանիտար հիմնադրամի տնօրենների խորհուրդը, հայտնվել է մեկ այլ՝ այս դեպքում արդեն միջազգային սկանդալի կենտրոնում։ Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան խումբը կասկածներ ունի, որ Փափազյանը
«հնարավոր է ներգրավված լինի կամ նպաստել է Գազայի հատվածում պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համարժեք գործողություններին»։ Այդ պատճառով իրավապաշտպանները դիմել են Հայաստանի գլխավոր դատախազին՝ կոչ անելով անհապաղ հետաքննություն սկսել Դավիթ Փափազյանի գործով։ Դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ուսումնասիրում են այս դիմումը:
Իրավապաշտպանների բողոքի մասին գրած Middle East Eye պարբերականը հայտնում է, որ Իսրայելի ու դաշնակից Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ ստեղծված Գազայի հումանիտար հիմնադրամը լայնորեն քննադատվել է «պաշարված Գազայի հատվածում իր ռազմականացված սննդի բաշխման մեխանիզմի համար»։
Ըստ լրատվամիջոցի՝ հիմնադրամի կենտրոններում օգնության հերթ կանգնելիս կամ դրա կենտրոններ գնալու ճանապարհին առնվազն 1800 պաղեստինցի է սպանվել և ավելի քան 13 ազար 500-ը վիրավորվել՝ սնունդ վերցնելիս։
Middle East Eye-ը միևնույն ժամանակ շեշտում է, որ Գազայի հումանիտար հիմնադրամը հերքել է, թե իր կենտրոններում որևէ մեկը սպանվել է։ Հիմնադրամից պնդում են, թե զոհվածների վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալները «կեղծ են և մոլորեցնող»։