Մատչելիության հղումներ

Փաշինյանը հիմնավորեց, որ ադրբեջանական տարածքային պահանջները լեգիտիմ են. պատգամավորը՝ վարչապետի ուղերձի մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հիմնավորեց, որ ադրբեջանական տարածքային պահանջները լեգիտիմ են, ու դրան այլընտրանք չկա», անդրադառնալով վարչապետի երեկվա ուղերձի, մասնավորապես, Հայաստանի օկուպացված տարածքների չլուծված հարցի վերաբերյալ Փաշինյանի դիտարկումներին՝ կարծիք հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Վարչապետը երեկ 30 րոպեանոց ուղերձում այդպես էլ չհստակեցրեց՝ որ տարածքները նկատի ունի, երբ ասում էր, որ Հայաստանն էլ ադրբեջանական տարածքներ ունի օկուպացրած:

«Ադրբեջանն իր բոլոր պահանջներն ու նախապայմանները վերածել է պայմանավորվածության, հայկական կողմը ներկայացնողները չեն կարողացել փոխադարձ որևէ բան ձեռք բերել, դրա համար մնում է հիմնավորել, որ ադրբեջանական պահանջները լեգիտիմ են, իրավաչափ են, և դրա այլընտրանքը չկա: Այսքան բանից հետո, այն բանից հետո, երբ հայտարարում են, որ խաղաղություն են բերել, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը դեռ մեր նկատմամբ տարածքային պահանջներ ունի, ուղիղ է դա հայտարարել», - ասաց պատգամավորը:

Հաջորդ քննադատությունը, որ լսել էր, վարչապետը հայ-ադրբեջանական նախաստորագրված համաձայնագրում Բաքվում անազատության մեջ պահվող հայերի խնդիրը չներառելու մասին էր: Որքան ձգվել են 2022-ի գարնանից սկսած համաձայնագրի բանակցությունները, ըստ Հայաստանի ղեկավարի, հասկացել են, որ տեքստում գերիների հարցը ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է:

«Եվ այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից, և եթե հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, դա կարող էր և տեղի չունենալ և մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությանը վերջերս ականատես եղաք», - ասել է նա։

Քրիստինե Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց. «Ասում է՝ ամենաշատ գերիները մենք ենք բերել, ամենաշատ գերիները դուք եք տվել: Բայց եթե այնպես է ստացվել, որ քո իշխանության օրոք ամենաշատ մարդիկ են գերեվարվել, նախքան ժողովրդիդ հայտարարելը, որ ամբողջական խաղաղություն ես բերել ու որևէ թուղթ ստորագրելը առաջինը պետք է հումանիտար հարցերը լուծես ամբողջական փաթեթով, ու դա լուծես առանց որևէ բանի դիմաց զիջումների, այսինքն՝ հանկարծ այնպես չլինի, որ մենք այս զիջումը պիտի անենք տարածքային, միջանցքը պիտի տանք, որ գերի վերադարձնենք, այլապես Ադրբեջանը տասնյակ ՀՀ քաղաքացիների կգերեվարի, կասի՝ մինչև այս զիջումը չանեք, չեմ արձակելու գերիներին»:

XS
SM
MD
LG