Իսրայելի ծայրահեղ աջ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել է, որ Արևմտյան ափում՝ վիճահարույց բնակավայրի նախագծի շրջանակում ավելի քան 3,000 տուն կառուցելու պլանի «կթաղի պաղեստինյան պետության գաղափարը»։
Երուսաղեմի և Մաալե Ադումիմ բնակավայրի միջև գտնվող այսպես կոչված E1 նախագիծը տասնամյակներ շարունակ սառեցված է եղել միջազգային կոշտ ընդդիմության պայմաններում։ Այստեղ շինարարությունը փաստացի կկտրի Արևմտյան ափը Արևելյան Երուսաղեմից։
Բնակավայրերը Իսրայելի ու պաղեստինցիների միջև ամենավիճահարույց հարցերից մեկն են։
Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը չի համապատասխանում միջազգային իրավունքին և կոչ արել երկրի իշխանություններին այն չիրականացնել։
«Իսրայելի իշխանությունների որոշումը՝ առաջ մղելու E1 բնակավայրի ծրագիրը, ավելի է թուլացնում երկու պետությունների լուծման հնարավորությունը և միաժամանակ խախտում է միջազգային իրավունքը», - նշել է Կալլասը: