Երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի նախագահը: Մասուդ Փեզեշքիանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում Հայաստան:
Մինչև Իրանի նախագահի պատվիրակության՝ Հայաստան ժամանելը, արտգործնախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել ու ընդգծել՝ Մասուդ Փեզեշքիանի այցի նպատակը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխության ապահովումն է:
Արտգործնախարար Արաղչին շեշտել է՝ Իրանի դիրքորոշումը չի փոխվել, դեմ են տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխության կամ օտարերկրյա ռազմական ներկայության։ Նախագահ Փեզեշքիանի այցը Երևան հնարավորություն կտա վերահաստատել Իրանի մտահոգությունները. տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա և օտարերկրյա ուժեր չմտնեն տարածաշրջան։
«Այս մտահոգությունները երբեք ամբողջությամբ չեն փարատվելու, եթե ամերիկացիներ գալու են տեղակայվեն, կարող է ուղղակի դրանց մասշտաբը, դրանց կշիռը փոփոխվի», - ասում է իրանագետ Ալեն Շադունցը:
Վաշինգտոնում ստորագրած եռակողմ համաձայնագրից հետո Փաշինյանը հեռախոսազրույցով Իրանի նախագահին վստահեցրել է՝ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում: Եթե Երևանին հաջողվել է համոզել, որ այս սկզբունքները պահպանվում են, Իրանի համար հարցը նույն չափով խնդրահարույց չէ, որքան մինչև վաշինգոտնյան համաձայնագիրը, կարծում է Իրանագետ Ալեն Շադունցը. «Եթե հայկական կողմը իրանական կողմին կարողացել է համոզել, որ այս սկզբունքները պահպանվում են, ապա Իրանի համար հարցը էլի խնդրահարույց է, բայց այդքան մեծ խնդիր չի հանդիսանում, ինչպիսին կլիներ, եթե սուվերենության հարցում Հայաստանը գնար որոշակի զիջումների»։
Ավելի վաղ Իրանի նախագահի խորհրդականն ասել էր, թե այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է՝ հատկապես առևտրի ոլորտում: Այցի ընթացքում փաստաթղթեր են ստորագրվելու:
«Տնտեսական համագործակցությունը ցույց է տալիս, որ 2 երկրները պատրաստակամ են բարիդրացիական կամ նույնիսկ ինչ-որ տեղ ռազմավարական հարաբերություններ զարգացնել միմյանց հետ ապագայում, և այդ ֆոնին ակնկալել, որ մի երկիրը կգնա քայլերի, որ կվնասի մյուսի ազգային շահերին, բավականին փոքրանում է դրա հավանականությունը: Այսինքն՝ տնտեսական համագործակցությունը միջոց է քաղաքական փոխվստահությունը զարգացնելու համար», - նշում է իրանագետը:
Ենթադրվում է, որ Ադրբեջանից նախիջևան անխոչընդոտ ճանապարհի բիզնես կառավարումը հայկական կողմը արտապատվիրակելու է Միացյալ Նահանգներին՝ 99 տարով: Ըստ իրանագետի, այս պահին դեռ շատ մանրամասներ հայտնի չեն ու այդ պատճառով էլ Իրանի դիրքորոշումը զգուշավոր է: «Նախկինում իրանական կողմը բավականին կոշտ էր արձագանքում միջանցքի գաղափարին, սակայն այսօր էլ արտատարածքային միջանցքի գաղափարին շարունակում են կոշտ արձագանքել, ուղղակի այստեղ տարբերությունն այն է, որ իրենք նմանատիպ դիրքորոշումով են հանդես գալիս, ինչպիսին հայաստանյան կողմը, որ սա արտատարածքային միջանցք չի, կամ առնվազն դեռևս հստակ չի, որ սա արտատարածքային միջանցք է լինելու», - ասաց Շադունցը:
Իրանում հոգևոր թևի դիրքորշումն ու գնահատականները՝ Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի վերաբերյալ ավելի կոշտ են, քան աշխարհիկ իշխանության: Այս հակասություններն, ըստ իրանագետի, երկրի դիվանագիտությանը հատուկ է ու ապահովում է ճկունություն: Այս պահին Իրանում հետպատերազմական ճգնաժամային իրավիճակ է ու իշխանությունը խնդիր ունի ներքին լսարանի տրամդրությունները կառավարելու, ներկայացնելու, որ Միացյալ Նահանգների ներկայությունն իր սահմանին իրենց դիվանագիտական պարտությունը չէ, այլ այդ ամենն իրականցվում է՝ հենց Իրանի առաջ քաշած կարմիր գծերը պահպանելով: