Վարչապետի շարասյան ուղեկցող առաջին մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով դատական նիստն այսօր, ընդհանուր առմամբ, ավարտվեց: Դատարանը որոշեց, որ միակ մեղադրյալ Արամ Նավասարդյանը անազատության մեջ կմնա 1 տարի 6ամիս ժամկետով, որոշումն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ բողոքարկման փուլերը սպառվեն, ասաց Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը:
«Պարտադիր բողոքարկելու ենք». Արամ Նավասարդյանի փաստաբան
Արամ Նավասարդյանի փաստաբանը պնդում է, որ մինչև դատարան մտնելը գործը ընթացել է ապօրինություններով: Դատարանում նույնպես ասաց, որ խախտվել են իրենց իրավունքները, և խոշոր հաշվով պնդում է, որ իր պաշտպանյալ Արամ Նավասարդյանը չի գերազանցել արագությունը և մեղավոր չէ։
«Պարտադիր բողոքարկելու ենք, այս գործով էնքան կոպիտ դատավարական սխալներ են թույլ տրվել։ Կարևորները, գիտեք ոնց է...նախաքննության ընթացքում քննիչը հարց դրեց, թե Արամ Նավասարդյանի երթևեկության համար վտանգի պահը ե՞րբ է առաջ գալիս։ Հսկող դատախազն իր որոշմամբ էդ հարցը հանեց։ Դրանից հետո քննիչը բողոքարկում է, ասում է՝ ընկեր դատախազ, ես իրավունք ունեմ փորձագետին հարց առաջադրելու, վերադաս դատախազին է բողոքում՝ քաղաքի դատախազին, Երևան քաղաքի դատախազը ապօրինի որոշում է կայացնում, նորից էդ հարցը հանում է, թողնում է անփոփոխ: Երեք փորձագետի եզրակացություն կա, որ խաչմերուկը կարգավորող տեսուչը ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել, եթե ՃԵԿ-ի խախտում թույլ չի տվել, ուրեմն, Արամ Նավասարդյանը, կոպիտ ասած, խաչմերուկ է մուտք գործել լուսացույցի թույլատրվող, այսինքն, փոխաբերական իմաստով ասեմ, կանաչ լույսի տակով, տեսուչի հրահանգով, դա կանաչ լույս է իր համար», - ասում է Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Դատարանը դեռ նախորդ ամիս էր մեղավոր ճանաչել Արամ Նավասարդյանին: Ըստ մեղադրանքի, նա գերազանցել է արագությունը և լքել դեպքի վայրը, այս պնդումը նույնպես չեն ընդունում Նավասարդյանի պաշտպանները:
«Համաձայն չեմ որոշման հետ, բողոքարկելու եմ». Սոնա Մնացականյանի հայր
Սոնա Մնացականյանի հայրը՝ Մացակ Մացականյանն այսօր սակավախոս էր: Ասաց՝ ընդհանրապես տրամադրություն չունի խոսելու: Արդարադատության մեծ հույս ուներ, դատարանից պահանջել էր, որ Արամ Նավասարդյանը 4 տարի ազատազրկվի. «Համաձայն չեմ որոշման հետ, բողոքարկել եմ: Որովհետև համոզված չեմ, որ այդ մեկ տարի 6 ամիսն էլ չի փոխվի։ Ամենայն հավանականությամբ, հետագա փուլերում, բողոքարկման փուլերում, ազատազրկումը կփոխվի ինչ-որ մի ուրիշ պատժով: Խափանման միջոցը կփոխվի, այո», - ասաց Մացակ Մնացականյանը
Սոնա Մնացականյանի ընտանիքը դատարանից նաև 10 միլիոն դրամ վնասիփոխհատուցում էր պահանջել, դատարանը այդ պահանջը մերժեց, բայց որպես վնասի փոխհատուցում՝ ասաց, որ Արամ Նավասարդյանից կբռնագանձվի 4 միլիոն դրամ և 834,000 դրամ էլ փորձաքննության ծախսերը հոգալու համար։
«Դրա մեջ մտնում է գերեզմանաքարի արժեքը, դրա մեջ մտնում է գերեզմանաքարից արձան պատրաստելու ճարտարապետին տրամադրված գումարը, դրա մեջ դրա մտնում է այդ հիմնական քարի տակ 2 քարեր կան, դրանց արժեքը, որը հիմնավորված ներկայացրել ենք։ Եվ այդ ծաղկի վայրի համար նախատեսված արժեքը, հիմնավորված ներկայացված է», - ասաց Սոնա Մնացականյանի հայրը:
Սոնա Մնացականյանի հայրը՝ Մացակ Մացականյանն այս 3 տարիների ընթացքում պնդում էր, որ իր դստերը վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը բավական չէ, որ չի ազատազրկվել, ընդամենը մի քանի օր է մնացել անազատության մեջ, այլև, ասում է, իրենց համար վիրավորական է այն, որ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը մինչև այս պահը շարունակում է իր աշխատանքը։ Դատարանում պարբերաբար նաև հնչել են պնդումներ, որ Արամ Նավասարդյանը միակը չէ, որ պետք է նստեր մեղադրյալի աթոռին: Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որը հիվանդության պատճառով այսօր նիստին ներկա չէր, նաև այս հարցով է իրավապահներին դիմել: Նրա այս պահանջը դեռ մի իրավապահ մարմնից մյուսն է գնում: Այս գործով անհետացել են կարևոր ապացույցներ, ասում է Րաֆֆի Ասլանյանը. դա շարասյան միջև տեղի ունեցած խոսակցությունն է ռադիոկապի, ըստ որի, փաստաբանի պնդմամբ՝ պարզ կլիներ՝ ո՞վ է Արամ Նավասարդյանին հրահանգել մտնել խաչմերուկ, ո՞վ է Արամ Նավասարդյանին ասել, որ խաչմերուկը պատշաճ փակ է: Նաև Սոնա Մնացականյանի ընտանիքի պնդումն է, որ եթե խաչմերուկը պատշաճ փակ լիներ, ապա իրենց հղի դուստրը չէր կարողանա, հնարավորություն անգամ չէր ունենա մտնել խաչմերուկի վտանգավոր գոտի։