Վաշինգտոնյան հռչկագրի ստորագրումից տասն օր անց՝ Երևանում է Իրանի նախագահը:
Մասուդ Փեզեշքիանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է հարևան երկիր այցելում: Հիմնական հանդիպումները վաղն են նախատեսված: Իրանի նախագահի օրակարգի մասին Երևանից մանրամասներ չեն հայտնում: Այցը հարևան պետությունների հետ հարաբերություններն ավելի ամրապնդելու նախաձեռնության շրջանակում են։ Իրանցի լրագրողների հետ զրույցում օդանավակայանում ասել է Փեզեշքիանը:
Նախքան Փեզեշքիանը Երևան կժամանար, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին է պետական IRNA գործակալությանը տված հարցազրույցում նշել՝ այցի նպատակը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխության ապահովումն է: Թեհրանի դիրքորոշումը չի փոխվել՝ դեմ են տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխության կամ օտարերկրյա ռազմական ներկայության։
«Աշխարհաքաղաքական փոփոխություններով մենք նկատի ունենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն, սահմանների տեղաշարժ կամ տարածաշրջանային պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարում», - հայտարարել է Արաղչին։
Սյունիքով Նախիջևան ճանապարհի մասին Փեզեշքիանը լրագրողներին ոչինչ չի ասել: Վաշինգտոնում ստորագրած եռակողմ համաձայնագրով ենթադրվում է, որ Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի բիզնես կառավարումը հայկական կողմը արտապատվիրակելու է Միացյալ Նահանգներին՝ 99 տարով: Վաշինգտոնում ստորագրած եռակողմ համաձայնագրից հետո Փաշինյանը հեռախոսազրույցով Իրանի նախագահին վստահեցրել էր՝ ճանապարհը լինելու է երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում: «Այս մտահոգությունները երբեք ամբողջությամբ չեն փարատվելու, եթե ամերիկացիներ գալու են տեղակայվեն, կարող է ուղղակի դրանց մասշտաբը, դրանց կշիռը փոփոխվի», - ասում է իրանագետ Ալեն Շադունցը:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասով համաձայնագրի ստորագրումը Իրանը ողջունել է, բայց ճանապարհի հարցով վերապահումներ ունեն: Իրանագետ Ալեն Շադունցի տպավորությամբ՝ Հայաստանին հաջողվել է ճանապարհի հարցը կառավարելի դարձնել ու մեղմել Իրանի մտահոգությունները, բայց ամբողջությամբ՝ ոչ. «Եթե հայկական կողմը իրանական կողմին կարողացել է համոզել, որ այս սկզբունքները պահպանվում են, ապա Իրանի համար հարցը էլի խնդրահարույց է, բայց այդքան մեծ խնդիր չի հանդիսանում, ինչպիսին կլիներ, եթե սուվերենության հարցում Հայաստանը գնար որոշակի զիջումների»։
Իրանի դիրքորոշումը Վաշինգտոնից հետո ավելի զգուշավոր է դարձել: Ըստ իրանագետի, պատճառն այն է, որ մանրամասներ դեռ հայտնի չեն, թե իրենց թշնամին ինչ պայմաններով է մոտենալու իրենց սահմաններին. «Ամերիկան ի՞նչ տեսքով է գալիս, ովքե՞ր են գալիս, ի՞նչ լիազորություններ ունեն, ի՞նչ կարողություններ ունեն: Այստեղ մանրամասները բավականին մեծ հարցեր կորոշեն: Իրանը՝ լինելով կասկածամիտ պետություն, բնականաբար, սրան նայում է մեծ զգուշավորությամբ»:
Բացի տեղեղեկությունների պակասից, ըստ Շադունցի, նաև ներքին լսարանին բավարարելու հարց կա: Հետպատերազմական ճգնաժամային փուլում հանրությանը պետք է ցույց տան, որ իրենց դիվանագիտական տապալումը չէ, որ Միացյալ Նահագները կարող է հայտնվել Իրանի հյուսիսում: «Եթե իրանական կողմը ընդունի, որ Վաշինգտոնում ստորագրված իր հյուսիսում հայտնում են ամերիկացիները, նոր վտանգներ են առաջանում երկրի համար, դա նշանակում է, որ հենց իրենք Հարավային Կովկասում ձախողել են», - նկատում է իրանագետը:
Ավելի վաղ Իրանի նախագահի խորհրդականն ասել էր, թե Փեզեշքիանի այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է՝ հատկապես առևտրի ոլորտում: Այցի ընթացքում փաստաթղթեր են ստորագրվելու, հետո նախագահը մեկնելու է Բելառուս: «Տնտեսական համագործակցությունը ցույց է տալիս, որ 2 երկրները պատրաստակամ են բարիդրացիական կամ նույնիսկ ինչ-որ տեղ ռազմավարական հարաբերություններ զարգացնել միմյանց հետ ապագայում, և այդ ֆոնին ակնկալել, որ մի երկիրը կգնա քայլերի, որ կվնասի մյուսի ազգային շահերին, բավականին փոքրանում է դրա հավանականությունը: Այսինքն՝ տնտեսական համագործակցությունը միջոց է քաղաքական փոխվստահությունը զարգացնելու համար», - նշում է իրանագետը:
Իրանում հոգևոր թևի դիրքորշումն ու գնահատականները՝ Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի վերաբերյալ ավելի կոշտ են, քան աշխարհիկ իշխանության: Այս հակասությունն, ըստ իրանագետի, դիվանագիտական ճկունությունն ապահովելու համար է. «Իրանական կողմը փորձում է ապահովել այսպես կոչված՝ ռազմավարական անորոշություն և դա ճկունության հնարավորություն է տալիս՝ իր հետագա քայլերն իրականացնելիս»: